Մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու

Հայոց փառքի ու պարծանքի արժանի բանակի գեներալնե՛ր, սպանե՛ր, սերժանտնե՛ր, զինվորնե՛ր, Զինակից ընկերնե՛ր, Նվիրյալ կամավորնե՛ր, Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են ծանր մարտեր: Հրետակոծության են ենթարկվել քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ազգն ու Հայրենիքը վտանգված են. վտանգված է մեր քաջ հայորդիների արյան գնով ազատագրված սեփական հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կերպով ապրելու և արարելու իրավունքը: Ուստի, հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում: Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը: Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով։ Ես հավատում եմ ձեր ոգու արիությանը և բազկի ուժին: Լինե՛նք արժանի մեր Մեծ նախնիներին, բոլոր նրանց, ովքեր դարեր առաջ, Սարդարապատում, Մեծ հայրենականում, Արցախյան ազատամարտում, 2016 թվականի Ապրիլյան պատերազմում, 2020 թվականի Հուլիսյան մարտերում իրենց կյանքն են զոհաբերել, որպեսզի մեր մայրերի, քույրերի, զավակների յուրաքանչյուր առավոտ խաղաղությամբ բացվի, որպեսզի նրանց յուրաքանչյուր ժպիտ արժանապատվությամբ ու հպարտությամբ լցվի: Լինե՛նք պատասխանատու մեր ներկա ու գալիք սերունդների առջև, որպեսզի թույլ չտանք դարավոր թշնամուն կրկին ցեղասպանել մեզ և յաթաղան ճոճել մեր գոյության ու արժանապատվության գլխին, որպեսզի հնարավորություն ու իրավունք ընձեռենք մեր գալիք սերունդներին լինելու և արարելու հավետ սեփական հողի վրա ու սեփական արժեքներով: Մենք բազում հաղթանակներ ենք տարել և ստեղծել ենք կազմակերպված ու մարտունակ, տարածաշրջանում հզոր ու հաղթանակած բանակ: Հայոց բանակն այսօր ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն ու առանցքն է: Այժմ կրկին ժամն է ազգովի դառնալու մի կուռ ու հուժկու բանակ, մի ոգեղեն հայրենական պարիսպ, որին կբախվեն բոլոր օտար մրրիկներն ու ետ կշպրտվեն գլխակորույս կերպով: Վստահ եմ, որ դուք էլ եք կիսում իմ մտահոգություններն ու համոզմունքները, որ դուք էլ եք դավանում այն համազգային ու համամարդկային արժեքները, հանուն որոնց պետք է կանգնենք անկոտրում ու անվարան կերպով։ Սա մեր վերջին մարտն է, որը մենք անպայման միասին հաղթելու ենք: Ձեզ հետ եմ մինչև ՀԱՂԹԱՆԱԿ: Ի զե՛ն: Պատիվ ունենք:

Լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանը՝ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․ «Հարգելի՛ հայրենակիցներ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը: Կեցցե՛ հայոց բանակը: Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»:

300 մլն. դրամի աջակցություն Վարդանյան եղբայրների կողմից` հայոց հաղթական բանակին

Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին աջակցելու նպատակով:

Բացի այդ, Վարդանյանները 50 մլն դրամի սիգարետ են տրամադրել զինծառայողների և 67 բեռնատար մեքենա՝ Պաշտպանության բանակի կարիքների համար:

Ինչ պատիժ է սպասվում զորահավաքից խուսափողներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն եւ մասնակի զորահավաք։ Սակայն քչերը գիտեն, որ զորահավաքից խուսափելը քրեորեն պատժելի արարք է։

Այսպես․ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածը սահմանում է՝ այն քաղաքացիները, ովքեր պատերազմի, ռազմական դրության պայմաններում խուսափում են զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից, պատժվում են ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Աղոթում եմ Հայաստանի համար»․ Քանյե Ուեսթն անդրադարձել է ԼՂ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային

Ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը Twitter-ում անդրադարձել է ԼՂ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։

«Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում եմ Բրեոնա Թեյլորի ընտանիքի համար, աղոթում եմ համավարակի պատճառով տառապող աշխարհի համար, աղոթում եմ Աստծո սիրո համար, որը կտարածվի մեր ընկերների և ընտանիքի վրա և կմեղմացնի ամբողջ աշխարհի սրտերը։ Շնորհակալություն, Աստված, մեր կյանքի համար: Ամեն»,- գրել է Ուեսթը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

ԴԻՄՈՒՄ ԵՆՔ ՌԴ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ՝ ՉԿՐԿՆԵԼ 1921Թ. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼԸ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սկսվել է պատերազմ, որն արցախա-ադրբեջանականից տարածաշրջանայինի վերածվելու տեսանելի լիցքեր ունի: 100 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ դրված է մեր ազգային լինելության խնդիրը. և սա չափազանցություն չէ: Հայ ժողովրդի և հայ պետականության համար նույնությամբ կրկնվում է 1920 թ. սեպտեմբեր-հոկտեմբերը, և որպեսզի նույնությամբ չկրկնվի նաև 1920 թ. դեկտեմբերի Ալեքսանդրապոլյան խայտառակ հանգուցալուծումն ու 1921թ. Կարսի հակահայ պայմանագիրը՝

1. Հայաստանի և Արցախի քաղաքացիներս ռազմական դրությամբ պայմանավորված՝ պարտավոր ենք աներկբա ու անթերի ենթարկվել և կատարել Գերագույն գլխավոր հրամանատարի և ՀՀ Զինված ուժերի հրամանատարության հրահանգները:
2. ՀՀ իշխանությունները պարտավոր են սառեցնել խաղաղ պայմաններին հարիր ներպետական գործընթացները՝ դրանք տեղափոխելով ռազմական ժամանակների տրամաբանության մեջ:
3. Ռազմական դրության ղեկավարությանը հաստատակամորեն առաջարկում ենք թվային ժամանակների նոր տրամաբանության այս պատերազմում մտավոր ներուժի արդյունավետ համախմբման, դասակարգման և հասցեավորված կիրառման անհապաղ միջոցառումներ ձեռնարկել:
4. Թեև ներկա խառնակ ժամանակներում անիմաստ է հուսալ միջազգային հանրության արդարամիտ որևէ միջամտություն, այնուամենայնիվ, դիմում ենք ՆԱՏՕ-ին, որպեսզի տեսչական հսկողություն սահմանի թուրքական զինուժի նկատմամբ, ինչը զլացավ անել թուրք-ադրբեջանական վերջին «զորավարժությունների» ժամանակ:
5. Ընդունելով հանդերձ, որ ԱՄՆ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է առաջիկա նախագահական ընտրություններին, դիմում ենք մեր անկախությունից ի վեր Հայաստանի ջերմեռանդ բարեկամին՝ չմոռանալ Նախագահ Վիլսոնի ժամանակներից իր ստանձնած արդար պարտավորության մասին և ասել իր վճռորոշ խոսքը:
6. Ըմբռնումով մոտենալով մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ներկա դժվարին վիճակին՝ դիմում ենք ՌԴ ղեկավարությանը՝ չկրկնել 1921թ. ճակատագրական սխալը, որը ոչ միայն ներկա արյունալի պատերազմի պատճառն է, այլև հենց Ռուսաստանի կովկասյան քաղաքականության՝ ճգնաժամի մեջ հայտնվելու պատճառը. ակնկալում ենք, որ Ռուսաստանը կշտկի իր 100-ամյա սխալն ու կկատարի երկուստեք կենսական իր դաշնակցային պարտավորությունը:
7. Դիմում ենք Ադրբեջանի թալիշ և լեզգի ժողովուրդներին՝ հորդորելով ոչ միայն զենք չբարձրացնել տարածաշրջանում ժողովրդավարության տարածող և ջահակիր հայկական կողմի դեմ, այլև այդ զենքը, հանուն իրենց իսկ ազգային ազատագրության և ժողովրդավարության՝ շրջել ալիևյան կլանի և նրա հովանավոր թուրքական վարձկանների դեմ:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն/
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն/

Թշնամին առավոտյան ռմբահարել է Ստեփանակերտը. 24TV-ի կադրերը

24TV-ի նկարահանող խումբը Ստեփանակերտում ականատես է եղել թշնամու կողմից Արցախի մայրաքաղաքի ռմբահարման փորձին։ Մենք ներկայացնում ենք այս կադրերն Արցախի պատասխանատու մարմինների թույլտվությամբ։ Բարեբախտաբար, հարվածի արդյունքում զոհեր և ավերածություններ չկան։ 

ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը

ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը

Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Որեւէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի եւ ԲՀԿ-ի հանդեպ։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է:

Իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ , հեղափոխությունից երկուսուկես տարի անց, բոլոր ոլորտներում արձանագրելով բացահայտ տապալումներ եւ ձախողումներ, փորձում է քաղաքական կեղտոտ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ։

Իշխանության թիրախում են ԲՀԿ բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, որոնց հանդեպ շինծու իրավական գործընթացների անվան տակ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Ապաշնորհ իշխանությունը երկիրը սոցիալական աղետի հասցնելով՝ ազգային մեր ինքնության դեմ կատաղի պայքար մղելով, արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ բանագնացների միջոցով կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ձեռք բերելով, քաղաքական հաշվեհարդարներով երկրում փորձում է հաստատել վախի եւ սարսափի մթնոլորտ, ինչը վստահաբար չի ստացվելու։

ԲՀԿ-ն իր համախոհ քաղաքական ուժերի հետ միասին շարունակելու է պայքարը հանուն մեր երկրի եւ քաղաքացիների այն խնդիրների լուծման, որի ակնկալիքով մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ երկուսուկես տարի առաջ փողոցներ էին փակել եւ որոնք լուծելու փոխարեն իշխանությունը զբաղված է երկրում ներքին թշնամիների հարատեւ փնտրտուքով, քաղաքական հաշվեհարդարներով եւ բռնապատեություն հաստատելու փորձերով։

Սիրելի՛ հայրենակիցներ, Գագիկ Ծառուկյանի եւ մեր պայքարն արդար է: Մեզ քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել եւ լռեցնել չի հաջողվելու եւ վստահաբար մենք ունենալու ենք նոր որակի իշխանություն, որտեղ տեղ չեն ունենալու վրեժխնդրությունը, փոքրոգությունն ու անձնական հաշվեհարդարները:

Իսկ Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ և էժանագին այս հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եւ դա ընդամենը շատ կարճ ժամանակի հարց է։

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…

Հայտնաբերվել է 33,5 լիտր անհայտ ծագման ալկոհոլային խմիչք. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ սեպտեմբերի վերջին երկու շաբաթների ընթացքում պետական վերահսկողության գործողություններ են իրականացվել ալկոհոլային խմիչքների շուկայում: Հանրապետության ողջ տարածքում անցկացվել է 321 դիտարկում։

12 կազմակերպությունում հայտնաբերվել է ընդանուր թվով 33,5 լիտր անհայտ ծագման ալկոհոլային խմիչք, որի իրացումը կասեցվել է, խմբաքանակը ոչնչացվել է:

7 տնտեսավարող փոխել է ոլորտի գործունեությունը, 5-ը՝ դադարեցրել, 1 իրացման կետ չի աշխատել:

16 տնտեսավարողի մոտ դիտարկումները դեռ շարունակվում են:

ՍԱՏՄ-ն կոչ է անում է քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց, հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է և հորդորում՝ ցանկացած սննդամթերքի ՀՀ օրենսդրության խախտմամբ իրացում կամ շրջանառություն նկատելու-հայտնաբերելու դեպքում զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010206040 և 012906090 հեռախոսահամարներով:

Տնտեսական անկում՝ կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքից առաջ․ Արա Գալոյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը politeconomy.org կայքում հրապարակել է տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև․

«Այս օրերին համաշխարհային լրատվության հիմնական թեման նոր կորոնավիրուսի երկրորդ գրոհի մասին է: Ու իրավիճակին լրիվ համահունչ հրապարակվեցին մեր երկրի սոցիալ -տնտեսական վիճակը բնութագրող այս տարվա հունվար-օգոստոսի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Այս պուճուր տեղեկագիրը ներառում է յոթ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշ:

Նախորդ ամսվա տվյալների համեմատ դրանցից միայն մեկն է դրական միտում դրսևորել: Նույնիսկ այն ոլորտները (արդյունաբերություն և էլեկտրաէներգիայի արտադրություն), որոնք անցած ամիս նախորդ տարվա համեմատ աճ ունեին, օգոստոսին «կրճատել են» աճի տեմպը: Նշենք նաև, որ այս հաշվետվության մեջ գյուղատնտեսության մասին տվյալներ չկան: Մեր վիճակագրությունը գյուղատնտեսության ոլորտի տվյալներն ամփոփում ու ներկայացնում է եռամսյա կտրվածքով:

Հրապարակվող մակրոտնտեսական ցուցանիշներից առաջինը մեր իշխանությունների սիրելի տնտեսական ակտիվության ցուցանիշն է: Այն մի ամիս առաջ «ընդամենը» 5.7 տոկոսանոց անկում էր գրանցել: Հունվար-օգոստոսին անկումը ավելի մեծ է՝ 6.4 տոկոս: Նախորդ՝ հունվար-հուլիսի համեմատ, որ արդյունաբերության 1.3 տոկոսանոց աճ էր արձանագրելը, հիմա աճի տեմպը նվազել է՝ կազմելով 0.9 տոկոս:

Համավարակի օրերին ամենաշատ պատուհասված ոլորտը՝ շինարարությունը, օգոստոս ամսին մի փոքր աշխուժացել է: Մի ամիս առաջ նախորդ տարվա համեմատ կրճատումների ծավալը ռեկորդային էր՝ 22.6 տոկոս: Հիմա էլ շինարարությունը շարունակում է մնալ համավարակային 2020-ի ամենաշատ կրճատված ոլորտը, որովհետև հունվար-օգոստոսի տվյալներով 19.1 տոկոսով զիջում է 2019-ի համապատասխան ժամանակաշրջանի տվյալին: Անցած ամսվա համեմատ 0.5 տոկոսով «դիրքերը զիջել է» առևտուրը:

Անցած տարվա համեմատ հիմա առևտրի շրջանառությունը 11.5 տոկոսով է պակաս: Նույնիսկ ծառայությունների ոլորտի թվերն են անցած ամսվա համեմատ նահանջել (10.8 տոկոս պակաս անցած տարվա համեմատ): Հունվար-հուլիսին էլեկտրաէներգիայի արտադրությունը նախորդ տարվա համեմատ 3.4 տոկոս աճ ուներ: Այս ոլորտում էլ աճի տեմպը դանդաղել է, հիմա 1.9 տոկոսով է գերազանցում նախորդ տարվա ցուցանիշը:

Օգոստոսին դանդաղել է նաև միջին աշխատավարձի աճը: Դանդաղել է նույնիսկ պետական հատվածում: Բայց հուզվել պետք չէ՝ դանդաղել է ընդամենը 0.7 տոկոսի չափով: Անգամ այս պարագային պետական ոլորտում աշխատավարձի աճի ցուցանիշը երկու անգամից ավելի առաջանցիկ է ոչ պետական հատվածի աշխատավարձերի աճից: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները նախորդ տարվա համեմատ պակաս են 10.2 տոկոսով (հունվար-հուլիսին համեմատական ցուցանիշը 11.3 տոկոս էր):

Մեր արտահանումների ծավալը նախորդ տարվա համեմատ պակասել է 16 տոկոսով: Արդյունաբերության աճի ու արտահանումների ծավալի 16 տոկոսանոց անկումը բացատրվում է հանքահումքային արդյունաբերության աճով ու արտադրանք-մետաղական խտանյութերի արտահանումով: Բայց դրանց ստույգ ծավալները կհրապարակվեն նախնական հաշվետվությունից մոտ 10 օր հետո (այդպիսին է մեր վիճակագրության աշխատանքային գրաֆիկը):

Իսկ ներմուծումների ծավալն անցած ամսվա 13.7 տոկոսանոց կրճատման ֆոնին հունվար-օգոստոսին 12.4 տոկոս է դարձել: Փաստորեն, մակրոտնտեսական ցուցանիշներից միայն շինարարության ու արտաքին ապրանքաշրջանառության թվերն են, որ անցած ամսվա համեմատ դրական միտում ունեն (միաժամանակ զիջելով 2019-ի ցուցանիշներին): Նույնիսկ մակրոտնտեսական վերջին՝ դրամի փոխարժեքն է մի փոքր «նահանջել», բայց այնքան փոքր ծավալով, որ ուշադրության արժանի չէ»:

Հոկտեմբերի 20-ից մինչև 2021 թ-ի հունվարի 31-ը ձմեռային զորակոչ կհայտարարվի․ ՊՆ-ն ներկայացրել է որոշման նախագիծը

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Որոշման նախագծի մեջ նշվում է․

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2020 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ` 2020 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. 2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

4. 2020 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման` դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2021 թվականի հունվարի 7-ից մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ.
2) 2020 թվականի ձմեռային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ուղարկել ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ.
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովել 2020 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և (կամ) նրա տարածքային ստորաբաժանումներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և (կամ) նրա ստորաբաժանումներ:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:

10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և (կամ) նրա ստորաբաժանումներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին:

11. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ և հանրապետական հավաքակայանի տարածքներում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի և մարզերի տարածքային ստորաբաժանումներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

13. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:

15. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում օրենքով նախատեսված եզրակացությունների և առաջարկությունների ներկայացման համար մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի նիստերի անցկացումը:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։Իրավաբան.net

Գրիզլի արջը Ալյասկայում որսորդի է սպանել

Գրիզլի արջը Ալյասկայի «Էլիաս» ազգային պարկում որսորդ է սպանել: Սա այգու պատմության մեջ արջի առաջին մահացու հարձակումն է, հայտնում է UPI-ն:

Ազգային պարկի ծառայությունը հայտնել է, որ որսորդը ընկերոջ հետ եղջերուի 10-օրյա որսի է եղել Չիսանա գետի մերձակայքում, երբ նրանց վրա հարձակվել է գորշ արջը:

Այգու պաշտոնյաները նախազգուշացնում են տարածաշրջանի այցելուներին իրենց հետ արջերի դեմ սփրեյ վերցնեն։

Արմավիրի Պտղունք գյուղում բռնկված հրդեհի հետևանքով մարդկային և գույքային վնասներ չկան․ ԱԻՆ խոսնակ

Երեկ Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրում բռնկված հրդեհը մարելու համար աշխատել է 8 մարտական հաշվարկ և լրացուցիչ տեխնիկա։ Տներից դուրս է բերվել բնակիչների գույքը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը։

«Բարեբախտաբար, գույքային ու մարդկային կորուստներ չկան։ Հրդեհը մարելուց հետո մինչև ուշ գիշեր փրկարարներն ու ոստիկանները տեղական ինքնակառավարման մարմինների, տեղի բնակիչների հետ աշխատել են։

Տները եղել են իրար կպած՝ ընդհանուր տանիքով, այդ պատճառով հրդեհն արագ է տարածվել։ Տեղում են եղել նաև ԱԻՆ նախարար Ֆ․ Ցոլակյանը, փրկարար ծառայության ողջ անձնակազմը, մարզային ղեկավարները։ Բնակիչները տարհանվել են։ Խնդիրը իրավասու մարմինների տիրույթում է։ Հրդեհի պատճառը պարզ կլինի Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննություն վարչության ուսումնասիրությունից հետո։

Առաջիկա ժամերին mes.am կայքում տեղեկատվությունը կթարմացվի»,– գրել է նա:

ԱՄՆ-ում կալանավորվել է Վլադիմիր Գասպարյանի փեսա, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը

Ամերիկաբնակ Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել է, որ  ինքը դեռ այս տարվա  ապրիլի 15-ին գրություն է ուղարկել ԱՄՆ Դաշնային բյուրո և ԱՄՆ-ի գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ ԱՄՆ-ում  է գտնվում ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը՝ Վլադիմիր Գասպարյանի փեսան:

Նշենք, որ նրա նկատմամբ ՀՀ-ում հետախուզում էր հայտարարվել:

Ղուկասյանն ասել է. ՛՛Այսօր առավոտյան իմացա, որ երեք օր առաջ կալանավորվել է Արթուր Գևորգյանը FBI-ի կողմից՛՛

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Արթուր Գևորգյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Մանրամասները` տեսանյութում.

Մեկնարկում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանը

Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա ներկայացման պրեմիերայով։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Ջ. Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությունը, տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանի բացմանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ռեժիսոր Լիլի Էլբակյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր խոսքում նշել է, որ Մայր թատրոնն ավանդույթներ պահող և հիշողություններ պարունակող թատրոն է, որը վերջին շրջանում արտակարգ նոր և անսպասելի դրսևորումներով է հանդես գալիս:

«Շուտով կնշենք թատրոնի 100-ամյակը, և որքան կարևոր է թատերական ներկայացումների որակը, նույնքան կարևոր է նաև թատրոնի ֆիզիկական վիճակը՝ հանդիսատեսի համար բոլոր պայմանների ապահովումը»,-ասել նախարարի տեղակալը:

Նա նաև կարևորել է Մայր թատրոնի առաջընթացը, երբ պատմություն ունեցող թատրոնը միաժամանակ ներկայանում է նոր և հետաքրքիր նախաձեռնություններով, ինչպիսիք են «Փոքր բեմի» բացումը, 100-ամյակին նվիրված բովանդակային նոր փոփոխությունները, թատրոնի շենքային պայմանների բարելավումը։ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին և գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին ակտիվ և նպատակասլաց գործունեության համար։

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն անդրադարձել է համավարակի պայմաններում թատրոնի ծավալած գործունեությանը՝ առցանց ներկայացումներին, «Հուշերի քառուղիներ», «Թատերական ընթերցումներ» ծրագրերին, ապա ներկայացրել է թատրոնի նոր նախաձեռնությունները։

Այսպես, Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա ներկայացման պրեմիերայով։ Սեպտեմբերի 25-ին հանդիսատեսի դատին կհանձնվի Ջ. Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությունը։ Սեմտեմբերի 28-ին «Ռիչարդ երրորդը տեղի չի ունենա, կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից» ներկայացումը առցանց տարբերակով կմասնակցի Լեհաստանի «Ուղղությունը արևելք» միջազգային թատերական փառատոնին։ «Դասարան+Դասական» մարզային առցանց ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին։ Վարդան Մկրտչյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը՝ թատրոնի կաթսայատան վերազինմանը և թատրոնի ճակատային մուտքի վերանորոգմանը հատկացված ֆինանսական աջակցության համար։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն իր խոսքում շեշտել է. «Այո, թատրոնը կարևոր է, որովհետև թատրոնը աշխարհի փոքր մոդելն է»։ Նա նշել է, որ այս ընթացքում թատրոնը փնտրում էր նոր արտահայտչամիջոցներ հանդիսատեսի հետ կապը պահելու համար, ինչպիսին է օրինակ բացօթյա ներկայացման բեմադրությունը։

«Դեկամերոն» ներկայացման ռեժիսոր Լիլի Էլբակյանն անդրադարձել է պիեսի ընտրության շարժառիթներին, բեմադրական ընթացքին՝ հույս հայտնելով, որ հանդիսատեղը կսիրի և կգնահատի ներկայացումը։

Թատերաշրջանի մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ելույթից առաջ բանախոսներին նվիրել է «Թատրոնը կարևոր է» կարգախոսով դիմակներ՝ ի նշան այն հանգամանքի, որ չնայած համավարակի պայմաններին, երկրում մշակութային կյանքը շարունակվում է, և թատրոնները, վերսկսելով իրենց գործունեությունը, սպասում են հանդիսատեսին։

Քթի ձևն ու բնավորությունը

Շատ ազգերի մեջ քիթը խորհրդանշում է հոգին ու կենսական ուժը, իսկ ֆիզիոգնոմիկայում այն ցույց է տալիս ինքներս մեզ ու շրջապատին նյութապես ապահովելու ունակությունը: Քթի մեծությունն ու ձևը ցույց է տալիս ոչ միայն կենսական ակտիվությունը, այլև աշխատանքի հանդեպ մեր վերաբերմունքը ու գումարի հետ վարվելու կարողությունը:


Լայն քիթ (հիմքի մոտ)

  • Մտերիմների օգնելու պատրաստակամություն
  • Պատրաստ են կիսվել ունեցածով
https://i0.wp.com/asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nose11.png

Դուք բազմակողմանի օգնություն եք ցուցաբերում սիրելի մարդկանց: Գտնում եք, որ մարդկանց հետ կիսվելը, նրանց աջակցելը ձեր կյանքի կարևոր առաքելություններից մեկն է: Անհրաժեշտության դեպքում չեք հրաժարվում նաև շրջապատի օգնությունից:


Նեղ քիթ (հիմքի մոտ կարծես սեղմված)

  • Ինքնուրույնություն
  • Ուրիշների օգնությանը չապավինելը
https://i0.wp.com/asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nose12.png

Դուք սովոր եք հույս դնել միայն սեփական անձի վրա: Ինքնուրույն եք, ինքներդ եք ապահովում ձեզ անհրաժեշտ ամեն ինչով, համարում եք, որ ոչինչ առանց վարձատրության չի արվում ու դժվարությամբ եք ընդունում շրջապատի նույնիսկ ամենաանկեղծ օգնությունը:

Մսոտ քիթ

  • Ֆինանսական բարեկեցությանը մեծ նշանակություն տալը
https://i0.wp.com/asoas.ucoz.ru/physiognomy/ppic/tip7.png

Մեծ նշանակություն եք տալիս նյութական բարեկեցությանը, հատկապես՝ եկամուտների մշտական հոսքին: Լավ եք գլուխ հանում ֆինանսական հարցերից:


Մեծ քիթ

  • Ղեկավարող դիրքի պահանջ
  • Աշխատանքի մեջ մեծ ներդրում անելու ցանկություն
https://i0.wp.com/asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nose1.png

Աշխատանքային գործունեության մեջ ձգտում եք ամենամեծ դերը խաղալ, այդ  պատճառով ձեզ ավելի հարմար են ղեկավարող պաշտոնները, որտեղ կկարողանաք ընդհանուր գործին ամենամեծ ներդրումն անել:


Երկար քիթ

  • Աշխատանքային միջավայրը վերահսկելու պահանջ
https://i0.wp.com/asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nose2.png

Ձեզ համար կարևոր է վերահսկել այն միջավայրը, որտեղ աշխատում եք, ինչպես նաև ինքնուրույն ընտրել ձեր աշխատաոճը: Ավելի մեծ արդյունքների հասնում եք միայն այն դեպքում, երբ ինքներդ եք որոշում աշխատանքի ռիթմը: Երկար քիթը նաև վառ արտահայտված անհատականության նշան է:


Երկար ու ուղիղ քիթ (պրոֆիլից դիտելիս)

  • Աշխատանքի տրամաբանված ոճ
  • Երկարատև պլանավորում
https://i0.wp.com/asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nose4.png

Ձեր ամենաուժեղ գիծը երկարատև պլանների ու ռազմավարության մշակումն է: Դուք բոլորից առաջ եք ընթանում նոր գաղափարների մշակման մեջ ու աշխատանքում հենվում եք տրամաբանության ու առողջ բանականության վրա:


Կարճ քիթ

  • Պատասխանատվության զգացում
  • Աշխատասիրություն
https://i0.wp.com/asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nose3.png

Ստանձնած գործը մշտապես ավարտին եք հասցնում: Չեք վախենում ծանր աշխատանքից ու օժտված եք ձանձրալի մանրուքներով զբաղվելու ունակությամբ: Կարճ քիթը նաև բացսրտության ու լավատեսության նշան է:



Կճատ քիթ

  • Հուզականություն
  • Գնահատված լինելու պահանջ
https://i0.wp.com/asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nose5.png

Զգացմունքներն ու հույզերը մեծ ազդեցություն են ունենում ձեր աշխատանքի վրա: Եթե աշխատավայրում փոխադարձ աջակցության դրական միջավայր է, ունակ եք գերազանց հաջողություններ արձանագրել: Փոխարենը բացասական հուզական միջավայրում դժվարությամբ եք աշխատում: Դուք աշխատում եք՝ հենվելով զգացմունքների վրա և արված աշխատանքից հուզական բավարարվածություն զգալու պահանջ ունեք: Ձեզ համար նաև շատ կարևոր է, որպեսզի ձեր ջանքերը գնահատվեն, թեկուզ միայն «շնորհակալություն» բառի տեսքով: Կճատ քիթը նաև լավատեսության նշան է:


Քթարմատի մոտ լայնացող քիթ

  • Բարկանում եք, երբ հայտնվում եք դժվար իրավիճակում
https://i0.wp.com/asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nose7.png

Դուք հակված եք նյարդայնանալ, երբ ձեզ անելանելի վիճակի մեջ են դնում: Դրա հաճախակի պատճառներից մեկը մադկանց՝ նախկինում զբաղեցրած իրենց դիրքից ու պարտավորություններից հրաժարվելն է: Կարող եք խուսափել կոնֆլիկտից, եթե բուռն արձագանքելուց առաջ թույլ տաք մարդկանց համոզվել սեփական կարծիքի մեջ:


Արծվաքիթ (պրոֆիլից դիտելիս)

  • Խնդրի լուծման հանդեպ ստեղծագործ մոտեցում
  • Ակտիվություն ու գործնական մտածողություն
  • Ուրիշներին ղեկավարելու ձգտում
https://i0.wp.com/asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nose6.png

Դուք գնահատում եք գեղեցկությունը, իսկ ձեր իրական տաղանդը՝ խնդիրների ստեղծագործ լուծման մեջ է: Սովորաբար խնդրի լուծման նոր ձևեր եք գտնում ու չեք վախենում փորձարկել դրանք: Դուք բավականին ագրեսիվ ու գործնական մտածողություն ունեք: Ձեզ լավ մասնագետ եք համարում ու սիրում եք ղեկավարել ուրիշներին: Սիրում եք դիտել, թե ինչպես են բարձր գնահատվում ձեր նորարարական գաղափարները: Արծվաքիթը նաև ինքնավերահսկողության ու վատ տեսողական հիշողության նշան է:


Առանց կատարի քիթ (աչքերի միջև տարածությունը համարյա հարթ)

  • Ավելի լավ է տրվում խմբային աշխատանքը
https://i0.wp.com/asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nose8.png

Դուք ամենից լավ աշխատում եք կոլեկտիվում: Սիրում եք ուրիշ մարդկանց հետ համատեղ գործը, երբ հնարավորություն կա շփվել ու կիսվել ունեցած փորձով: Ինքնուրույն աշխատելու դեպքում անհարմարավետության զգացում եք ունենում: Ձեր ուժը խմբային աշխատանքի մեջ է, կարողանում եք շրջապատի աջակցությունը ստանալ:


Բարձր կատարով քիթ (քթարմատը առաջ է եկած դեմքից)

  • Ավելի լավ է տրվում ինքնուրույն աշխատանքը
https://i0.wp.com/asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nose9.png

Դուք նախընտրում եք ինքնուրույն աշխատել ու լավագույն արդյունքների հասնում եք, երբ հնարավորություն ունեք ինքներդ ընտրել աշխատանքի ռիթմը: Ձեզ դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկը թիկունքից հետևում է ձեր աշխատանքին:


Քթի բարձր ու լայն կատար (քթարմատը կարծես ճակատի շարունակությունը լինի)

  • Երկաթե կամք
https://i0.wp.com/asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nose10.png

Դուք օժտված եք կամքի ուժով ու վճռականությամբ: Ոչինչ չի կարող խանգարել ձեզ հասնել ուզածին: Անկոտրում վճռականությամբ եք կյանքի կոչում ձեր գաղափարներն ու մտահղացումները:

«Մեծ միտինգ ենք անելու». Գ.Ծառուկյանը ջերմ ընդունելության է արժանացել Նոր Նորք վարչական շրջանում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է թիմակիցների հետ հանդիպումների շարքը մարզերում և մայրաքաղաքում: Հերթական հանդիպումը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ԲՀԿ տարածքային կազմակերպության ներկայացուցիչների և կուսակցության համակիրների հետ էր: ԲՀԿ ղեկավարն արժանացել է ջերմ ընդունելության: Իր ելույթում Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է երկրի և ժողովրդի առջև ծառացած հիմնական խնդիրներին. «Այսօր հարկավոր է, որ իշխանությունն ընդունի իր սխալները, կանգնի ժողովրդի կողքին և հուսախաբ չանի մարդկանց»,- հայտարարել է ԲՀԿ նախագահը :

Մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախօրեին՝ ՀՀ անկախության 29 ամյակի առիթով կազմակերպված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ, բեմում մրցանակ է հանձնել նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, նախկին սոցապնախարար Մանե Թանդիլյանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ թե՛ իշխանության ներկայացուցիչները, թե՛ լուսավորականները անակնկալի են եկել, երբ բեմ է բարձրացել Թանդիլյանը: Բանն այն է, որ գրեթե բոլորը տեղեկություններ ունեն, թե Թանդիլյանը առողջական խնդիրների պատճառով Ավստրալիայում է, բուժում է ստանում, ու հանկարծակիի են եկել, երբ տեսել են իշխանության կազմակերպած միջոցառմանը:

Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի 14-ին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ու համանուն կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, ինչպես նաեւ դադարեցնում է գործունեությունը՝ որպես կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ «Տեւական ժամանակ է` ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլեւս անհամատեղելի են պատգամավորական եւ ակտիվ քաղաքական գործունեության հետ»,-նշել էր պատգամավորը:

Դրանից հետո լուսավորականներն էլ ներքին քննարկումների ժամանակ հայտարարում էին, թե Թանդիլյանը գնացել է արտասահման բուժում ստանալու, բայց, կարծես թե, դա այդքան էլ իրական չէ: Մենք փորձեցինք զրուցել Մանե Թանդիլյանի հետ, սակայն ապարդյուն. նա սոցիալական ցանցերում ապակտիվացրել է իր էջերը ու չի արձագանքում մեր ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ նամակներին»։

25 հազար դոլար. Մասկը հայտարարել Է Tesla բյուջետային էլեկտրամոբիլների թողարկման մասին

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Tesla-ն մտադիր է մատչելի գնով ինքնակառավարման համակարգով համալրված ավտոմեքենաներ արտադրել, գրում է The Verge-ը։

Նորույթի արժեքը Մասկը գնահատել է 25 հազար դոլար։

«Մենք վստահ ենք, որ երեք տարի անց կկարողանանք ստեղծել 25 հազար դոլար արժողությամբ գրավիչ ավտոմեքենա, որը նաև լիովին ինքնակառավարվող կլինի»,- հայտարարել է Մասկը։

Նոր ավտոմեքենան գրեթե 13 հազար դոլարով ավելի էժան կլինի Tesla-ի այժմյան բյուջետային էլեկտրամոբիլից՝ 37 990 դոլար արժողությամբ Model 3 սեդանից։

Tesla ընկերությունը հիմնադրվել է 2003թ.-ին։ Սկզբում այն կոչվում էր Tesla Motors, բայց հետագայում վերանվանվել է Tesla։ Սկզբում ընկերությունը մասնագիտացել է միայն էլեկտրամոբիլների արտադրության մեջ, սակայն ավելի ուշ սկսել է զբաղվել նաև արևային մարտկոցների ստեղծմամբ: